Ազգերի կամ ժողովուրդների և
նրանց լեզուների ծագման վերաբերյալ հետաքրքրությունն առաջացել է
շատ վաղ ժամանակներից։ Տարբեր
ժամանակներում տարբեր բացատրություններ են տրվել դրանց վերաբերյալ,
բայց դրանցից ոչ մեկն էլ վերջնական
չէ, և առկա են տարբեր մոտեցումներ։ Հայերի ծագման և վաղնջական
պատմության հարցն ամենաշատ
քննարկված հարցերից է. ժողովրդի
ձևավորման վերաբերյալ կան մի
քանի առասպելներ և տեսություններ։
Բալկանյան տեսության համաձայն
հայերի նախնիներն են Բալկաններից
Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները։ Հայերի
ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու
հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝
հիմնականում տեղական ձևավորման վարկածը։ Այն, որ հայ ժողովրդի
ձևավորումը տեղի է ունեցել տևական փոխազդեցությունների արդյունքում և
Հայկական լեռնաշխարհի տարածքում, հաստատվում է նաև ժամանակակից
գենետիկական հետազոտությունների արդյունքում։ Իսկ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է։
Հնդեվրոպական նախահայրենիքն ու հայերը
Որտե՞ղ է գտնվել հնդեվրոպացիների նախահայրենիքը, ի՞նչ ուղղություններով են տարածվել մայր լեզվից տրոհված լեզուները. այս հարցերին
պատասխանող տարբեր վարկածներ կան։ Դրանք հիմնված են առասպելաբանական, լեզվաբանական, հնագիտական, գենետիկական և այլ տվյալների վրա:
Հետևելով Աստվածաշնչի տվյալներին՝ նախապես հնդեվրոպացիների նախահայրենիքը համարել են Հայկական լեռնաշխարհը՝ Արարատ լեռան լանջերը։
Հետագայում առաջարկվեցին այլ տարածքներ ևս՝ Հնդկաստանից ու Միջին
Ասիայից մինչև Արևմտյան Եվրոպա։ Թեպետ հնդեվրոպական նախահայրենիքի
հարցը դեռ վիճարկելի է, բայց կան առավել ընդունված մի քանի վարկածներ։
Դրանցից են «տափաստանային» և «հարավասիական (հայկական)» վարկածները։ Համաձայն «տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում, որտեղից էլ Ք. ա.
մոտ V հազարամյակից մի քանի փուլով տարածվել են հնդեվրոպացիներն ու
հնդեվրոպական լեզուները։
Մեկ այլ վարկած է հարավասիականը («հայկականը»)։ Համաձայն դրա՝
հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը,
Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական
սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։ Հնագիտական, լեզվաբանական և գենետիկական տվյալները կարծեք թե հաստատում են այս վարկածը։ Ըստ այդմ ՝ Ք. ա. մոտ X հազարամյակից հնդեվրոպացիները տարածվել են տարբեր ուղղություններով։ Նրանք ընտելացրել
էին ձիերին, հայտնագործել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ
տարածումը։ Սկզբնապես խոսում էին մեկ՝ հնդեվրոպական նախալեզվով,
իսկ նախահայրենիքից տարածվելուն զուգընթաց նրանց լեզուները սկսեցին
տարբերվել: Առաջացան առանձին հնդեվրոպական լեզուները, որոնցից է և
հայերենը, որը մայր լեզվից տրոհվել է Ք. ա. մոտ V հազարամյակում։ Այսպիսով ՝
թեպետ դեռ վիճարկվում է հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրության
հարցը, բայց Հայկական լեռնաշխարհն այն տարածքն է, որտեղ տեղի է ունեցել
հայ ժողովրդի կազմավորումը։
Բրոնզի դար
Ք. ա. մոտ 4000 — 3000 թվականներին որոշ տարածքներում արձանագրվեցին նոր զարգացումներ։ Դրանք նշանակալի ազդեցություն ունեցան նեոլիթյան
քաղաքակրթության վրա: Այսպես՝ շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների
նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների
օգտագործմամբ: Պղինձն առաջին մետաղն էր, որն օգտագործվեց գործիքներ
պատրաստելու համար։ Ք. ա. մոտ 4000 թվականից հետո Արևմտյան Ասիայի (այդ
թվում ՝ Հայկական լեռնաշխարհի) արհեստավորները հայտնագործեցին բրոնզը
(պղնձի և մկնդեղի խառնուրդը)՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն
էր, քան պղինձը: Հարկավ, մարդիկ միանգամից անցում չկատարեցին բրոնզի
դար. բրոնզի ներմուծումից հետո էլ նրանք շարունակում էին օգտագործել քարե
գործիքներ ու զենքեր։ Այնուամենայնիվ , բրոնզի լայնածավալ օգտագործումը
պատմաբաններին մղել է Ք. ա. 3300 -1200 թվականներն անվանել բրոնզի դար։
Պատասխանել հարցերին – Գրի՛ր որո՞նք են Հայկական լեռնաշխարհի բարձր գագաթները և նշանավոր դաշտերը։
Բարձր գագաթները
Արարատ – 5165 մ
Սիս – 3925 մ
Արագած – 4090 մ
Սիփան – 4434 մ
Նեմրութ – 2948 մ
Դաշտերը
- Արարատյան դաշտ
- Շիրակի դաշտ
- Արմավիրի դաշտ
- Կոտայքի դաշտ