Ջրիմուռներ

Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում:

Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով

Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն:

Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց:

Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:

Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը:

Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով:

Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը:

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները: