Աշխարհի բնակչության կրոնական կազմը
Աշխարհի բնակչության կրոնական կազմը: Քրիստոնեություն: Մահմեդականություն: Բուդդայականություն
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ։ Սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն երեքը՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամ) և բուդդայականությունը (կամ բուդդիզմը)։ Քանի որ այս կրոնների հետևորդները բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ են, դրանք համարվում են համաշխարհային կրոններ։
Քրիստոնեություն դավանում է ավելի քան 1,9 մլրդ մարդ։ Նրանք հիմնականում բնակվում են Եվրոպայում, Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային և Կենտրոնական Աֆրիկայում և Ասիայի մի շարք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, ԱՄՆ և այլն)։
Ուշադրություն
Քրիստոնեությունն ունի մի քանի ուղղություն։ Գլխավոր ուղղություններն են կաթոլիկությունը, ուղղափառությունը և բողոքականությունը:
Մահմեդականություն դավանողների թիվը շուրջ 1,2 մլրդ է։ Նրանք հիմնականում բնակվում են Հյուսիսային Աֆրիկայում և Հարավարևմտյան, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայում (Մարոկկո, Եգիպտոս, Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Պակիստան և այլն)։
Ուշադրություն
Նրա երկու ուղղություններն են սուննիզմը (օր.՝ Թուրքիա) և շիիզմը (օր.՝ Իրան)։ Մահմեդականների թվով առաջին երկիրը Ինդոնեզիան է:
Երրորդը բուդդայականությունն է (կամ բուդդիզմը), որի հետևորդների թիվն աշխարհում հասնում է շուրջ 500 մլն-ի: Դրա տարածման գլխավոր տարածաշրջաններն են Հարավարևելյան և Արևելյան Ասիան (Թաիլանդ, Մյանմար, Ճապոնիա, Չինաստան, Հնդկաստան և այլն) ու Մոնղոլիան։
Աշխարհի բնակչության կրոնական կազմի քարտեզն է, որտեղ ներկայացված են համաշխարհային կրոնները:

Ի տարբերություն համաշխարհային կրոնների` մյուսները սահմանափակ տարածում ունեն և հայտնի են որպես ազգային կամ տեղական կրոններ։
Դրանցից համեմատաբար մեծաթիվ հետևորդներ ունեն հինդուիզմը (Հնդկաստան), կոնֆուցիականությունն ու դաոսիզմը (Չինաստան), սինտոիզմը (Ճապոնիա):
Հնագույն կրոններից է հուդայականությունը, որի դավանորդները հրեաներն են, և որը համարվում է Իսրայելի պետական կրոնը։
Աշխարհում կան նաև աթեիստներ (ովքեր որևէ աստծո գոյությունը չեն ընդունում) և բնապաշտներ (աստվածացնում են բնության երևույթները, կենդանիներին կամ բույսերին):
Ներածություն
301 թ. հայ ժողովուրդն առաջինն աշխարհում ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Մինչ այդ հայերը հետևորդն էին հեթանոսական կրոնի, որի համաձայն դավանում էին բազում աստվածների. պատրաստում էին հեթանոսական աստվածներին պատկերող կուռքեր, դրանց զոհեր մատուցում, տաճարներ կառուցում:Նրանք հավատում և Աստված էին համարում Հայկին, Արային, Տորքին, Աստղիկին և նրանց էին վերագրում եղանակի փոփոխությունները:Բնական երևույթների աստվածացումը և դրանց անձնավորած պաշտամունքը հեթանոսությունն է:
Քրիստոնեությունը մեծ ազդեցություն ունեցավ հայի նկարագրի ու պատմության, հայոց մշակույթի, արվեստի, ճարտարապետության, գիտության և կրթության զարգացման վրա: Կառուցվեցին վանքեր ու եկեղեցիներ, կից դպրոցներ ու համալսարաններ, զարգացան մատենագրությունը, մանրանկարչությունը, գիտության տարբեր ճյուղեր: