Սուրբ Թարգմանչաց տոն (ամբողջական անվանումը՝ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց), հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։
Հայերեն առաջին թարգմանական գրականությունը եղել է Աստվածաշունչը։ Ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը (1661–1719 թթ.) այն անվանել է «Թագուհի թարգմանչաց»։ Թարգմանիչներն Աստվածաշունչը թարգմանում էին լրացումներով, ինչպես նաև տարբեր թարգմանված եզրերի ներմուծմամբ։ Թարգմանության մի մասը կատարվել է ասորերենից, իսկ մյուս մասը՝ հունարենից։ Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչներն էին Սահակ Պարթևը, Հովսեփ Պաղնացին, Կորյուն Սքանչելին, Ղևոնդ Անանդեցին և Հովհաննես Եկեղեցացին։