Պայքար ինքնավարության համար

428 թ. Արշակունյաց թագավորության անկումից հետո Պարսկաստանի հսկողության տակ անցած Արևելյան
Հայաստանը վերածվեց Սասանյան պետության վարչական միավորի՝ մարզպանության։ Հաջորդ երկու դարերի ընթացքում պարսկական Հայաստանը կառավարում էին մարզպանները, որոնք նշանակվում էին Սասանյան
տիրակալների կողմից։ Ի տարբերություն մյուս մարզպանությունների՝ Հայաստանն օժտված էր ավելի մեծ իրավունքներով. երկրի կարևորագույն պաշտոնները (հազարապետություն, սպարապետություն և այլն) թողնվել էին նախարարներին, միառժամանակ պահպանվել էր նախարարների իրավունքների անձեռնմխելիությունը։Սակայն Հազկերտ II-ի (439-457) օրոք վերջ դրվեց քրիստոնյաների նկատմամբ մինչ այդ եղած հարաբերական հանդուրժողականությանը։ Տերության նվաճողական նպատակների համար կրկին սկսեց օգտագործվել զրադաշտականությունը։

Սասանյանների քաղաքականության փոփոխությունը
Պարսկաստանի հսկողության տակ անցած Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը թուլացնելու, իսկ ապա վերացնելու նպատակով Հազկերտը նախ՝ հայ նախարարներին ներգրավեց կայսրության արևելյան սահմաններում
անվերջանալի արշավանքների մեջ՝ ընդդեմ հոների։ Արքան հույս ուներ այդպես զրկել հայերին ռազմական դիմադրական ուժից։ Հայերին ինքնուրույնությունից զրկելու լուրջ խոչընդոտ էր նաև Հայոց եկեղեցին, որը Արշակունիների անկումից հետո մարմնավորում էր երկրի պետականությունը։ Ուստի պարսկական ազդեցությունն ուժեղացնելու և երկիրն ապակայունացնելու նպատակով 447 թ.անցկացվեց աշխարհագիր՝ հողերի և բնակչության հաշվառում։ Արդյունքում
հարկերն ավելի ծանրացան, և հարկման ենթարկվեցին հասարակության բոլորշերտերը, անգամ եկեղեցին, որը մինչ այդ ապահարկ էր։ Պարսիկ ավագանուն հանձնվեցին երկրի գործակալությունները՝ բացի սպարապետությունից։ Հայերի
ձեռքում էր նաև մարզպանությունը։ Մարզպանը Վասակ Սյունին էր, սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը։
Նախապատրաստական այս աշխատանքներից հետո արդեն պարսից կառավարությունն անցավ վճռական գործողության։ Հազկերտ II-ը 449 թ. հատուկ հրովարտակով հայերից պահանջում էր անհապաղ զրադաշտականություն ընդունել։

Ավարայրի ճակատամարտը
Արտաշատում հայ հոգևոր առաջնորդների և նախարարների մասնակցությամբ գումարվում է հատուկ ժողով։ Չնայած առկա որոշ տարաձայնություններին՝ ժողովի մասնակիցները կազմում են պատասխան հայտարարություն,
որով իրենց հավատարմությունն են հայտնում թե՛ Սասանյան կայսրությանը,
թե՛ քրիստոնեությանը։ Ստանալով այս պատասխանը՝ Հազկերտ II-ը Տիզբոն
է կանչում անվանի հայ նախարարներին։ Նրանց հետ էին մարզպան Վասակ
Սյունին և սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Տիզբոն ժամանած նախարարներից պահանջվում էր հրաժարվել քրիստոնեությունից և զրադաշտականություն ընդունել։ Հայրենիք վերադառնալու և դիմադրություն կազմակերպելու
նպատակով նախարարները որոշում են առերես ուրանալ քրիստոնեությունը և
ընդունել զրադաշտականությունը։ Բայց պարսից արքան նրանց Հայաստան է
ուղարկում հատուկ զորախմբի և մոգերի ուղեկցությամբ, որոնք պետք է ամենուր
զրադաշտական սովորույթներ պարտադրեին։
Հայրենիք վերադարձած նախարարները միանում են Հայաստանում ծայր
առած ժողովրդական շարժմանը, որը վերածվում է կազմակերպված ապստամբության։ Սակայն նախարարների միաբանությունը պառակտվում է. առաջանում է երկու խմբավորում ՝ Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ։ Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների
միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու
դավանանքի ազատությունը։ Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդարներից։ Դրան հակառակ՝
Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական
գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի։ Այդ որոշումը չի բեկանվում նաև այն ժամանակ, երբ Հազկերտը, նկատի ունենալով ապստամբության
ծավալումը, չեղարկում է հայերի հավատափոխության իր հրովարտակը։ Ռազմական բախումն անխուսափելի էր։
451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը, չնայած իրենց հերոսական և անձնու­րաց դիմադրությանը, պարտություն են կրում։ Զոհվում է սպարապետ Վարդան
Մամիկոնյանը։ Չնայած դրան՝ ապստամբությունը չի մարում ՝ ստանալով պարտիզանական բնույթ։ Այդ ժամանակ պարսիկները հասկանում են, որ Հայաստանի բռնի կրոնափոխությունը պահանջում է չափազանց թանկ ռազմական
ջանք: Ծանր կացության մեջ հայտնված սասանյան արքունիքը ստիպված էր
գնալ զիջումների։ Տրվում է կրոնի ազատություն, հանվում են հարկերը, բայց և
Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում։ Միառժամանակ պարսից արքունիքը հայերին սիրաշահելու քաղաքականություն է որդեգրում։