Մարդկանց կյանքում և պատկերացումներում առաջին խոշոր փոփոխությունները տեղի են ունեցել մոտ 12,000
տարի առաջ, երբ անցում կատարվեց
Նոր քարի դար կամ Նեոլիթ: Անցումը
Նեոլիթ մի քանի հազար տարի տևեց և
միատեսակ չընթացավ աշխարհի բոլոր
մասերում: Այն գրեթե համընկավ վերջին
սառցի դարաշրջանի ավարտին, որից
հետո Երկիրը թևակոխեց ընդհանուր
տաքացման, տեղումների ավելացման
և ավելի կայուն կլիմայական պայմանների ժամանակաշրջան։
Նորքարիդարյան հեղափոխությունը
Մոտ 12,000 տարի առաջ աշխարհի որոշ մասերում մարդիկ կատարելագործեցին քարե գործիքները: Նրանք սովորեցին մշակել հողը՝ ուտելի բույսեր
ստանալու համար բնության վրա հույս դնելու փոխարեն, իսկ կենդանիներին
ընտելացնել՝ պարզապես որսալու փոխարեն։ Մարդիկ այժմ ոչ միայն օգտագործում էին այն, ինչ գտնում էին բնության մեջ, այլև կարող էին սեփական սնունդ
արտադրել: Այդպիսով՝ յուրացնող հասարակությունից անցում կատարվեց արտադրող հասարակության։ Աստիճանաբար հավաքչությունը փոխարինվեց
երկրագործությամբ, որի ազդեցությամբ էլ որսորդությունը փոխարինվեց անասնապահությամբ։ Ընդհանուր առմամբ՝ Նորքարիդարյան դարաշրջանի ամենաբնորոշ նշաններն են գյուղատնտեսությունը, նստակեցությունն ու տները, արհեստագործությունը, հղկված քարե գործիքներն ու խեցեգործություն։ Նորքարիդարյան հեղափոխության հետևանքները
Սննդի արտադրությունը նպաստեց բնակչության աճին, իսկ սննդի ավելցուկի արդյունքում զարգացավ փոխանակումը։ Մեկուսացված տոհմական համայնքները միավորվեցին ցեղերի մեջ։ Մարդիկ սկսեցին մշտական բնակավայրեր կառուցել և աստիճանաբար անցան նստակեցության: Գործիքներով
աշխատելը մեծ հմտություն էր պահանջում, ուստի մարդիկ սկսեցին մասնագիտանալ տարբեր արհեստների մեջ։ Նրանք սկսեցին բնակվել ավելի մեծ և
կազմակերպված համայնքներում, որոնց մի մասն աստիճանաբար վերածվեց
քաղաքների։ Զարգացավ և ավելի համակարգվեց կրոնը։
Բնակչության աճը, պարենային պաշարները հաշվառելու և պահպանելու,
ինչպես նաև պաշտպանության համար պատեր կամ պարիսպներ կառուցելու անհրաժեշտությունը շուտով հանգեցրին գրերի ստեղծմանը։ Ի հայտ
եկան նաև հմուտ կառավարիչներ, որոնց
ծառայություններն անհրաժեշտ էին համայնքի գոյատևման համար։ Մոտ 6,000
տարի առաջ ի հայտ եկան առաջին
քաղաքակրթությունները։ Շատ գիտնականներ քաղաքակրթությունը սահմանում են որպես բարդ մշակույթ, որն
ունի վեց բնութագրիչ՝ քաղաքներ, կառավարություն, կրոն, սոցիալական
կառույց, գիր և արվեստ: Առաջին քաղաքակրթությունները զարգացան գետերի հովիտներում, որտեղ մարդիկ
կարող էին զբաղվել լայնածավալ երկրագործությամբ, որն անհրաժեշտ էր
մեծ բնակչությանը կերակրելու համար:
Հայտնի ամենավաղ քաղաքակրթությունը զարգացել է Շումերում ՝ հարավային Միջագետքում, մոտ Ք. ա. 3500 թ.։
Դրա առաջացումը ազդարարեց նաև
Բրոնզի դարի սկիզբը։
Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական օջախները
Նորքարիդարյան ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում տևել է
մոտ Ք. ա. X-V հազարամյակներում։ Երկրագործության համեմատաբար վաղի հայտ գալու արդյունքում Հայկական
լեռնաշխարհը մեծ դեր է ունեցել կայծքարի, կաշվե կոշկեղենի և խաղողագործության տարածման գործում.
տեխնոլոգիաներ, որոնք հետագայում
կմշակվեն Հարավային Ասիայում և ի
վերջո կտարածվեն դեպի Եվրոպա:
Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակավայրերը հիմնականում գտնվում են Արարատյան
դաշտում, Արաքսի, Արածանիի և Հայաստանի մյուս մեծ ու փոքր գետերի
բարեբեր հովիտներում։ Նորքարիդարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու,
որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության և անասնապահության նախահայրենիքներից մեկն է։
Հնագիտական և գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս,
որ ժամանակակից հայերն անմիջական հետնորդներն են Հայկական լեռնաշխարհի նորքարիդարյան բնակչության։