Աքլորի հրավերը։ Խելոք գլուխը

Աքլորի հրավերը

Աքլորը հարևանի հավին հրավիրում է կուտի. ասում է.
-Հավիկ-մարիկ, արի կուտ տամ, կե՛ր:

Հավը չի ընդունում աքլորի հրավերը:
-Կուտ ունենաս, քո հավերին կտաս,- ասում է ու կչկչում:
-Լավ, – ասում է աքլորը: – Դու հիմա կտեսնես, ինչքան կուտ ունեմ ես: – Էս ասում է ու
կանչում իր հավերին.
Կու–կու–րի-կուտ… Կո՜ւտ, կո՜ւտ, կո՜ւտ…
Կուտի անունը որ լսում են հավերը, հավաքվում են շուտ և ուտում կուտ, իսկ հարևանի
հավին դուրս են անում. նրան կուտ չեն տալիս:

Խելոք գլուխը

Բերանը ասաց. – Ես ամեն ինչ կուտեմ կխմեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Լեզուն ասաց. – Ես ինչ ուզենամ, կասեմ, կխոսեմ:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ձեռները ասացին.
-Մենք ամեն ինչ կշինենք, կքանդենք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Ոտները ասացին.
-Մենք ամեն տեղ կերթանք, ման կգանք:
Գլուխը ասաց. – Հը՜մ…
Բերանը և լեզուն, ձեռքերը և ոտները ասացին գլխին:
-Ինչո՜ւ ես հըմ անում:
Գլուխը պատասխանեց.
-Ինչ անեք, չանեք՝ առաջ ինձ պիտի հարցնեք:
Ոտները և ձեռները կուչ եկան, բերանը մնաց բաց, իսկ լեզուն կակազելով ասաց.
-Հա՜… ղորդ է ասում գը-գը-գլուխը…