Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Նման նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և ասորեստանյան հարձակումների աճին դիմագրավելու անհրաժեշտությունը: Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին Նաիրի երկրների դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու (Արարատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի, որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։
Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։ Հին աշխարհում արդեն հռչակ էր վայելում Հարավ-արևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը։ Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում երկաթի ահռելի պաշարներ։ Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու նպատակով։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով ՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859–824) արձանագրության մեջ։ Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի
թագավորանիստ քաղաք Արզաշքուն։