Աբու-Լալա

Աբու – Լալա Մահարին, Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց Խալիֆաների հոյակապ քաղաքում, Ապրեց փառքի և վայելքի մեջ, Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց, Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ, Սիրեց և փորձեց ընկերներին, Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում, Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները: Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն, Ճանաչեց և խորագին ատեց մարդուն Եվ նրա օրենքները:

Եվ որովհետև չուներ կին և երեխաներ, Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքա տներին, Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով, Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, – Գաղտնի հեռացավ քաղաքից…

Սուրահ 1

Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով` Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր, Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով, Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն, Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով, Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա, Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում. Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

– Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը, – Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն, Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական, Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն – ատելությամբ սրիտս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառԾածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ, Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների