Անդաստան․ Դանիել Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան

կայլակի-կհոսի

թող ըլլա-թող լինի

ցորյանի-ցորենի

աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ

1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․

Ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը։
Կոչնակ-եկեղեցի հրավիրող կոչնազանգ:
Գյուղակ-փոքրիկ գյուղ:
Բերրիություն-բերրի լինելը

Ցող-օդի՝ խոնավությունից գոյացող ջրի կաթիլներ, որ նստում են բույսերի, գետնի և այլ առարկաների վրա՝ գիշերը և վաղ առավոտյան:

Օրհներգություն-օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր:
Գերանդի-երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար:
Ամբար-զանազան մթերքներ պահելու շենք կամ դրա մի մասը, շտեմարան:
Բերկրություն-նույնն Է՝ Բերկրանք:
Հորդել-հորդությամբ հոսել, հորդանալ, վարարել:

2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):

5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։