Սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելու ավանդույթը հին ակունքներ ունի։ 4-րդ դարում՝ 325 թվականի մայիսի 20-ին, Բյութանիայի Նիկիա քաղաքում բյուզանդական կայսր Կոստանդիանոս Ա Մեծի հրամանով գումարվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովը, որտեղ որոշում կայացվեց նոր տարին սկսել սեպտեմբերի մեկից։ Պետական տոն է Հայաստանում[2][3], Ռուսաստանում, Ուկրաինայում[4], Բելառուսում և Ղազախստանում[5]։ 1699 թվականին Պետրոս Մեծի հրամանով Ռուսաստանում Նոր տարին սեպտեմբերի 1-ից տեղափոխվեց հունվարի մեկ։ Ստացվեց, որ 1699 թվականը ունեցավ ընդամենը 4 ամիս՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իսկ հունվարի 1-ից սկսվեց 1700 թվականը։ Սակայն երեխաները գնացին դպրոց սեպտեմբերի 1-ից։ Ուսումնական գործընթացը արագացնելը և չորս ամսում ամբողջ տարվա ծրագիրը յուրացնելը անհնար էր, ուստի սեպտեմբերի 1-ից նոր ուսումնական տարին սկսելու ավանդույթը մնաց անփոփոխ։ Սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ XX դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ Դասերը տարբեր ուսումնական հաստատություններում սկսվում էր տարբեր օրերի։ Օրիանակ՝ գյուղերում ուսումնական տարին սկսվում էր խոր աշնանը, երբ ավարտվում էին գյուղատնտեսական աշխատանքները, բայց ահա քաղաքներում գիմնազիաները սկսում էին գործել դեռևս օգոստոսի կեսերից։ 1930 թվականի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։