1. Ատոմ և մոլեկուլ
- Ատոմը նյութի ամենափոքր, քիմիապես անբաժանելի մասնիկն է, որը կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը պտտվող բացասական էլեկտրոններից։
- Մոլեկուլը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է տվյալ նյութի հիմնական քիմիական հատկությունները։ Կազմված է ատոմներից։
2. Նյութ և մարմին
- Մարմինը մեզ շրջապատող ցանկացած առարկա է, որն ունի ծավալ և զանգված, օրինակ՝ բաժակ, մեխ։
- Նյութը այն է, ինչից կազմված են մարմինները, օրինակ՝ ապակի, երկաթ։
3. Ֆիզիկական և քիմիական երևույթներ
- Ֆիզիկական երևույթ. երևույթ, որի ընթացքում նյութի ագրեգատային վիճակը, ձևը կամ չափսերն են փոխվում, բայց նոր նյութ չի առաջանում։
- Քիմիական երևույթ. երևույթ, որի ընթացքում մի նյութից առաջանում են նոր նյութեր՝ այլ հատկություններով։
4. Քիմիական տարր
- Քիմիական տարրը միջուկի նույն դրական լիցքն ունեցող ատոմների որոշակի տեսակն է։
5. Հարաբերական մոլեկուլային զանգված
- Ցույց է տալիս, թե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից։
6. Հարաբերական ատոմային զանգված
- Ցույց է տալիս, թե տվյալ տարրի ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասից։
7. Վալենտականություն
- Տվյալ տարրի ատոմի՝ այլ տարրերի ատոմների որոշակի թվով քիմիական կապեր առաջացնելու հատկությունն է։
8. Մաքուր նյութեր և խառնուրդներ
- Մաքուր նյութերը կազմված են միայն մեկ տեսակի մասնիկներից և ունեն հաստատուն ֆիզիկական հատկություններ, օրինակ՝ թորած ջուր, թթվածին։
- Խառնուրդները կազմված են երկու կամ ավելի մաքուր նյութերից, որոնք պահպանում են իրենց հատկությունները, օրինակ՝ օդ, աղաջուր։
9. Քիմիական ռեակցիա
- Երևույթ է, որի ընթացքում ելանյութերի փոխազդեցությունից կամ քայքայումից առաջանում են նոր հատկություններով օժտված վերջանյութեր։
10. Երևույթների օրինակներ
- Ֆիզիկական երևույթ. սառույցի հալվելը։
- Քիմիական երևույթ. մոմի այրվելը։
11. Երևույթների դասակարգում
- ա) Փայտի այրվելը — Քիմիական երևույթ
- բ) Ջրի եռալը — Ֆիզիկական երևույթ
- գ) Երկաթի ժանգոտվելը — Քիմիական երևույթ
- դ) Ապակու կոտրվելը — Ֆիզիկական երևույթ
12. Էլեկտրոնային թաղանթ
- Ատոմի միջուկի շուրջը պտտվող բոլոր էլեկտրոնների ամբողջությունն է։
13. Էլեկտրոնային շերտ
- Ատոմի էլեկտրոնային թաղանթի այն հատվածն է, որտեղ շարժվում են իրար մոտ էներգիա ունեցող էլեկտրոնները։
14. Բաց թողնված բառերը
- Ատոմի էլեկտրոնային թաղանթում առկա էլեկտրոնների թիվը հավասար է — կարգաթվին։
- Ատոմի էլեկտրոնային թաղանթը բաղկացած է — էլեկտրոնային շերտերից, որոնք կոչվում են նաև — էներգիական մակարդակներ։
- Էներգիական մակարդակների թիվը համընկնում է ՊՀ-ում այն — պարբերության համարին, որում գտնվում է տվյալ տարրը։