Չարենցյան բանաստեղծությունների բառերի բառարան

***
Ես աստղային մի պոետ, Լաբիրինթում քո Կապույտ,
Քո՛ւյր, անցնում եմ, որպես աստղ, հոգիս — մեռած աստղի փայլ.
Այնքան տրտում է հոգիս, բայց միշտ ժպտում է հոգուդ,
Որ երազը չդառնա Գողգոթայի ճանապարհ…


Ծիածան

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի.
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պեսհոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…


Կապույտ

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:

Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց։

Կապույտում հոգիս մի հին իրիկուն
Անզո՜ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՛տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

Ոսկին


Կապո՜ւյտի մեջ, կապո՜ւյտի մեջ — արևի ոսկին:
— Քնի՛ր, քնի՛ր, կապո՛ւյտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն,—
Փախցնում են աստղերի չուն և կանչո՛ւմ, կանչում:

Խաչը վանքի, ե՛րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՛ր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ, ու նայի՛ր խաչին…

Նա ոսկի է, երկի՛նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի միրաժ1 արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՛ս:
Արթնացել են կարապները ու կանչո՛ւմ են մեզ:

Քույր, վայրկյանը սրբազան է — բռնկում ու մահ.
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթիր, զարթիր, կապո՛ւյտ աղջիկ,— ու նայի՛ր խաչին…

Բառարան

Ակաթ-ագաթ

Գողգոթալ-տնաջարան

թախիծ-տխրություն

Ծեգ-արևածագ

Հոգեթով-հոգին թովող՝ հմայող, հոգեգրավ

Ղողանջել-հնչել, լսվել

միրաժ-Տեսողական երևույթ, որ տեղի է ունենում շոգ կլիմաներում, մանավանդ ավազոտ անապատներում, երբ հորիզոնից դուրս գտնվող առարկաները կամ երկնքի մի մասը երևում են օդի մեջ, օդատեսիլ:

Նիհրել-ննջել

Չուն-թռչունների տեղաշարժ

Տրտում-տրտմություն ապրող