
Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։
Ստրուկները
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։
Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։
Առաջադրանքներ
1.Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
2.Ովքե՞ր էին ստրուկները:
3.Ովքե՞ր էին գլադիատորները։
4.Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
5.Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:
6.Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։
7.Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:Քանի՞ մասի բաժանվեց այն:
8.Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
Ուսումնասիրություն

Հռոմեական մշակույթը
Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը։ Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝
դպրոցներում սովորելու։ Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ։ Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ։
Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ։ Հունական մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ։Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ։ Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա։ Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը։ Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը։ Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով։Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը։ Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն։ Հետագայում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն։ Կայսրության խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոսություններ, որոնց առաջնորդները ստացան պատրիարք
տիտղոսը։ Իսկ Հռոմի և Ալեքսանդրիայի պատրիարքները կոչվում էին նաև պապեր։
Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից։ Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը։ Այդ շինանյութը լայնորեն օգտագործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել։ Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ։ Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատիպերը։ Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլիզեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական։Պատերազմից հաղթանակով վերադարձած զորավարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդիսավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները։ Հետագայում հաղթակամարները դարձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր
ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ։ Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը։ Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել։Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը։ Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա։ Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը։ Այն այսօր օգտագործում են
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում։ Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով։ Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից։ Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր։ Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները։ Մինչ
օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագաղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենքների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին։ Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին։ Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր։ Դրանք հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից։ Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր։ Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի)։
Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում։ Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին։ Կային նաև գովազդային գրառումներ։ Հռոմեական կայսրությունում հռոմեականացման
գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատիներենի ներդրումն էր։ Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր։
Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տարածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր։ Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներենով։ Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ՝ անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար։ Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը։ Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ։ Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպիտալներ։ Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին։
Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ։ Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում։ Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ։ Այն օգտագործում էին նաև
հռոմեական բաղնիքներում։