Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:

Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:

Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

10709258.jpg

Ջրի, ջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը:

Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներ: 

Մերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:

Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:

Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:

Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:

Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ:

Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:

Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

57.jpg

♂ կոներում հասունացումից հետո փոշեհատիկները քամու միջոցով տեղափոխվում են իգական կոների վրա, որոնց թեփուկների արանքում գտնվում են ♀ սերմնաբողբոջները:

♂ գամետների տեղափոխումը ♀ սեռական օրգանների վրա կոչվում է փոշոտում:

Փոշոտումից հետո ♀ կոները կանաչում են, նրանց թեփուկները փակվում և սոսնձվում են խեժով: Հաջորդ գարնանը տեղի է ունենում բեղմնավորում և առաջանում է զիգոտ:

Զիգոտից զարգանում է սաղմը, իսկ սերմնաբողբոջից՝ սերմը:

Սիբիրում և Հեռավոր Արևելքում աճում է սիբիրյան սոճին` մայրին, որի կոներից ստանում են շատ արժեքավոր սննդանյութ՝ մայրու յուղ:

50.jpg

Սիբիրում նաև շատ տարածված է խեժափիճին: Ի տարբերություն այլ մերկասերմերի, այն մշտադալար չէ և աշնանը թափում է տերևները: Նրա փայտը շատ ամուր է և օգտագործվում է շինարարության մեջ:

52.jpg

Մերձարևադարձային և արևադարձային գոտիներում տարածված է նոճին կամ կիպարիսը: Այն ունի թեփուկավոր տերևներ:

51.jpg

Հյուսիսային Ամերիկայում աճում են հսկայական ծառեր՝ սեքվոյաներ, որոնք նույնպես պատկանում են մերկասերմերի բաժնին: Նրանց բարձրությունը հասնում է 130−150 մետրի, իսկ հաստությունը՝ 8 մետրի, իսկ տարիքը՝ մինչև 2000 տարի:

53.jpg

Մերկասերմերի ամենատարածված ներկայացուցիչներից են սոճին և եղևնին:

Սոճի: Սոճին 30−35 մ բարձրության հասնող լուսասեր մշտադալար ծառ է: Այն ունի հզոր արմատային համակարգ՝ լավ զարգացած, խորը թափանցող և մակերեսային արմատներով, որի շնորհիվ կարող է աճել ինչպես չոր հողերում, ավազուտներում ու ժայռերի վրա, այնպես էլ ճահճուտներում:

55.jpg

Սոճու փշատերևները դասավորված են զույգերով, կարճացած ընձյուղների վրա, ապրում են 2−3 տարի և փոխարինվում են աստիճանաբար: Նրանք ունեն լավ զարգացած մոմաշերտային ծածկոց կուտիկուլա և քիչ թվով խորն ընկղմված հերձանցքեր, ինչի շնորհիվ փշատերևների միջոցով ջրի գոլորշիացումը շատ փոքր է:

Եղևնի: Եղևնիներն ունենում են մինչև 40 մ բարձրություն, ապրում են 200−250 տարի: Նրանց սաղարթը բրգաձև է, իսկ փշատերևներն ավելի կարճ, քան սոճունը և մեկական են: Նրանք խիտ ծածկում են ընձյուղը և ապրում 5−7 տարի: Արմատները մակերեսային են, գլխավոր արմատը թույլ է զարգացած: Եղևնին ստվերադիմացկուն ծառ է, բայց պահանջկոտ է հողի նկատմամբ, աճում է բերրի, խոնավ հողերում, կարող է աճել այլ ծառերի ստվերում:

56.jpg