Հովհաննես Թումանյան
Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վըրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
գորշ–մռայլ
հառաչել–ախ քաշել
հոյակապ–շքեղ
- Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:
Մայրիկը սիրում էր տղային և նա բարի էր։
Տղան անհանգիստ էր և հետաքրքրասեր և մայրիկին էր սիրում ։ - Ի՞նչ երազանք ուներ տղան:
Նա ուզում էր որ լավ տուն ունենան։ - Նկարագրի՛ր տղայի խրճիթը:
Խրճիթը մռայլ, փոքրիկ տնակ էր ու գտնվում էր գետի ծայրին, ծառերի տակ։ Բայց այն ամենալավ տունն էր։