Կայծակ

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:
    Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:
    Կարելի է պաշտպանվել անտառներում, քարանձավներում, բնակելի շենքեր ևում ավտոմեքենայի մեջ փակելով պատուհանները