Կրոնը և աստվածների պանթեոնը (Վանի թագավորություն)։
Վանյան աստվածների պանթեոնը ներկայացրել են գրեթե 100 աստվածներ և աստվածություններ։
«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են նրանք` իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով։ Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Կային նաև աստվածուհիներ։ Գոյություն են ունեցել նաև գետերի, լեռների և լճերի աստվածներ։
Լեզուն և սեպագրությունը (Վանի թագավորություն)։
Ինչպես ցույց են տվել լեզվաբանները, վանյան սեպագիր արձանագրությունների լեզուն ազգակից է խուռիերենին։ Մեզ են հասել ավելի քան 800 արձանագրություններ, որոնցից մի քանիսը բաղկացած են մի քանի հարյուր տողից։
Արձանագրությունները, որ բավականին միատիպ են և ոճով միատեսակ, պարունակում են 500-ից մի փոքր ավելի բառեր, որոնց մի մասի նշանակությունը մինչև օրս պարզված չէ։ Ըստ երևույթին վանյան սեպագրերի լեզուն շատ արագ դադարեց օգտագործվել առօրյա կյանքում, որի հետևանքով արձանագրությունների լեզուն խիստ աղքատիկ է, միօրինակ ու միալար։ Նրանցում միևնույն բառերն անընդհատ կրկնվում են։ Տերության տարածքային աճի հետ մեկտեղ այդ լեզուն, որպես արքունի գրագրության լեզու, տարածվել է տերության նվաճված երկրամասերում ևս։ Տերության բնակչության մեծ մասի համար այն անհասկանալի էր։ Վանյան սեպագիրը տերության սահմաններից դուրս երբեք չի օգտագործվել։ Մեծաթիվ հայ բնակչության ազդեցության հետևանքով վանյան լեզվում հայտնվում են արծիվ, ծառ, թիվ և այլ բառեր, իսկ հայերը փոխ են առնում այնպիսի բառեր,ինչպիսիք են բուրգը, ծովը, ուղտը և այլն։
Սեպագրով գրել են սովորաբար քարի վրա, թեև սեպագիր արձանագրություններ պահպանվել են նաև մետաղե իրերի և կավից պատրաստված սալիկների վրա։ Չնայած գիտնականների մեծ սպասելիքներին, մինչև օրս կավից պատրաստված սալիկների վրա գրված գրությունների գրադարաններ չեն հայտնաբերվել։ Սեպագրից զատ օգտագործվել են տեղական մեհենագրերը, որոնց վերծանությունը դեռ նոր է սկսվել, սակայն առաջին արդյունքները խոսում են համակարգի հայալեզու լինելու մասին։