Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան

Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։ Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանագրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով: