Այս պատկերացման արմատները թաղված են հին ժամանակների խորքերում, նրանց դասական մշակումը, սակայն, տեղի է ունեցել նստակեցության, անասնապահության և մասնավորապես ոռոգվող երկրագործության շնորհիվ։ Կենաց ծառի գաղափարի մեջ ընդգրկվել են մարդկանց կենսափորձային իմաստությունները և հին պատկերացումները՝ բնության օրինաչափությունների վերաբերյալ։
Կենաց ծառը համարվում է հնագույն մարդու կրոնածիսական պատկերացումների առանցքային բաղադրիչներից մեկը։ Կենաց ծառի պաշտամունքը տարածված ամբողջ աշխարհում և ամեն մի միջավայրում կրում է տեղական առանձնահատկություններ։ Առանձին վայրերում սրբայնացվել են նաև ծառերի տարբեր տեսակներ։
Անհրաժեշտ է ավելի հանգամանալից կերպով ուսումնասիրել այն հնարավորությունները, որոնք հենվում են բույսերի ու ծառերի պաշտամունքի վրա։ Նախնադարյան մարդու համար իր շրջապատում ամեն ինչ թվում էր շնչավորված, կենդանացած, այս կանոնից բացառություն չէին կազմում նաև ծառերն ու բույսերն։ Նա հավատում էր որ այն ամենը, ինչն իրեն շրջապատում էր, իր նման շնչում էր խոսում, լսում և այլն։ Մարդիկ ոչ միայն հավատում էին, որ ծառերի ու բույսերի մեջ հոգիներ են բնակվում այլ նույնիսկ հավատում էին նրանց ստվերներին։ Միսսուրիի հովտում գտնվող հսկայական ծառի՝ բրգաձև բարդու ստվերին, տեղաբնիկները բանականություն էին վերագրում։ Հնդկացիները հավատում էին, որ պատշաճ վարվեցողության դեպքում ստվերը կարող է օգնել իրենց ձեռնարկներում։ Հնդկացիները իրենց հետ կատարված դժբախտությունները տեսնում են բրգանման բարդիների ստվերներին համապատասխան ուշադրություն չդարձնելու մեջ։ Կտրականապես արգելվում էր այդ ծառերը կտրել, իսկ եթե նրանց հարկավոր էին մեծ գերաններ, ապա նրանք օգտվում էին արդեն տապալված ծառերից։